«Ես ասացի այն, ինչ ասացի». Նիկոլ Փաշինյանը՝ «Բարգավաճ Հայաստանի» 50%+1 ձայն հավաքելու մասին
«Կառավարության ծրագիրը հեղափոխական է»,- նման ձևակերպում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հարցին, թե ո՞վ է լինելու կառավարության ներկայացրած ծրագրի պատասխանատուն և արդյոք կոալիցիոն հուշագիր կամ որևէ այլ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է ստորագրել «Բարգավաճ Հայաստանի», «Ելքի» և Դաշնակցության միջև, Ն.Փաշինյանը պատասխանեց.
«Ես նման փաստաթղթի անհրաժեշտություն չեմ տեսնում, չնայած ԱԺ կանոնակարգում կան որոշակի ձևակերպումներ այդ փաստաթղթի գոյության անհրաժեշտության մասին, բայց այդտեղ խոսվում է ընտրությունների արդյունքներով: Սա բոլորովին ուրիշ վիճակ է, որը չգիտեմ… Եթե իրավաբանները պարզեն, որ զուտ օրինականության տեսակետից նման անհրաժեշտություն կա, մենք օրենքին կենթարկվենք, բայց իմ առաջին տպավորութամբ՝ օրենքի տեսակետից նման անհրաժեշտություն չկա»:
Ըստ նրա` իր քաղաքական ուժին ամենաշատն է ձեռնտու, որ ընտրությունները տեղի ունենան այսօր, որովհետև հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին շատ մեծ առավելություն կձևավորեն, բայց իրենք ուզում են, որ չգնան ընտրությունների այն ժամանակ, երբ մյուս ուժերն անպատրաստ են և ուզում են, որ ընտրությունները լինեն արդար:
«Համոզված եմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը, ինչպես տոնեց թավշյա հեղափոխության արդյունքում»,- ասաց Ն.Փաշինյանը:
Հարցին, այսինքն, «Բարգավաճ Հայաստանը» 50%+1 ձայն չի՞ հավաքի ընտրություններում, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի»:
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները նախատեսվում են 1 տարվա ընթացքում. «Դա կարող է լինել 6 ամսից, 45 օրից կամ 9 ամսից»:
Ն. Փաշինյանը զգուշացրեց, որ թող ոչ ոքի չթվա, թե այս քաղաքական ուժերի բաշխվածությունն է որոշում, թե երբ պետք է լինեն արտահերթ ընտրությունները, քանի որ, եթե այս բաշխվածությունը հաշվի առնեին, ինքը չէր լինի վարչապետ: Նրա խոսքով` քանի դեռ կա ժողորդի վստահությունն իրենց նկատմամբ, երբ անհրաժեշտություն լինի, ժողովրդի ճնշումը փողոցում շատ ավելի մեծ կլինի:
168.am-ի հարցին` եթե ինչ-ինչ պատճառներով չհաջողվի մեկ տարվա ընթացքում անցկացնել ընտրությունները, ի՞նչ է սպասվում, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես մտադիր չէ քննարկել այն սցենարները, եթե ինչ-որ բան չհաջողվի, որովհետև իրենք աշխատում են և տրամադրված են այնպես, որ ամեն ինչ հաջողվելու է:
Մեր հարցին` հանրապետականներն առաջարկեցին «հենվել» իրենց վրա, կա՞ դրա անհրաժեշտությունը, Ն.Փաշինյանը նշեց.
«Հենվելու անհրաժեշտություն, իհարկե, չկա, բայց մենք պատրաստ ենք համագործակցության, երկխոսության: Ես կարծում եմ, որ հակամարտության մթնոլորտը պետք է փոխարինել համագործակցության մթնոլորտով և մենք պատրաստ ենք, իհարկե, առանց մեր հռչակած որևէ սկզբունք զիջելու»: