«Կառավարության ծրագրում խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան». Գալուստ Սահակյան

«Էնպես չի, որ մենք եկել ենք էստեղ և մտածում ենք՝ էնպես անենք, որ Հանրապետական իշխանության ամբողջ եղելությունները ներկայացնենք ժողովրդին: Ժողովուրդը մեզ հետ միասին ապրել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին և ՀՀԿ-ի դիրքորոշմանը:

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը լավ ելույթ ունեցավ, բայց եթե որևէ իշխանություն ասում է` «կախարդական փայտիկ կա, և այդ փայտիկով ժողովուրդը պետք է լավ ապրի, ես չեմ պատկերացնում քաղաքական հարցադրում»:

Հարցին` ՀՀԿ-ից հեռացող գործարար խավը շա՞հ ուներ, որ անդամակցել էր, Գ.Սահակյանը պատասխանեց, թե իշխանական կուսակցություններին բոլորն են ուզում անդամակցել, իսկ երբ այդ կուսակցությունը հեռանում է իշխանությունից, անդամակցում են հաջորդ իշխանական կուսակցությանը.

«ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է մեր երկրի, որ ստեղծվել է 90-ականներին, մինչև այսօր և սրանից հետո էլ գործելու է»:

Հարցը, թե՝ ՀՀԿ-ն տանի՞ք է եղել այդ գործարարների համար, Գ.Սահակյանը «պրիմիտիվ» անվանեց. «Ես չեմ կարծում, որ մենք տանիք ենք եղել»:

«Գնում են իշխանական ուղիով, թող գնան»,- նկատեց Գ.Սահակյանը` նշելով, որ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությունը լքողների առաջ պայման չեն դրել, որ մանդատն էլ վայր դնեն:

Հարցին` կառավարության ծրագրում կա՞ կետ, որին կողմ կքվեարկեր, Գ.Սահակյանը պատասխանեց. «Էդ ծրագրում որևէ կետ գոյություն չունի: Իմիջիայլոց, եթե վերցնեք, կարդաք, գոնե դուք կարդացեք, խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան: Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր գրել են, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից»:

Տեսանյութեր

Լրահոս