«ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է խորհրդարանում, և այսօր նաև՝ ամբողջ քաղաքական դաշտում». Արմեն Աշոտյան

ԱԺ Հանրապետական խմբակցությունը խորհրդարանում կորցրել է բացարձակ մեծամասնությունը, բայց շարունակում է մնալ ամենաշատ ներկայացված քաղաքական ուժը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«ՀՀԿ-ն առաջին ֆրակցիան է իր ձայների քանակով, իսկ եթե մնացած բոլոր պատգամավորները միասնական քվեարկություն են դրսևորում, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- ասաց Ա.Աշոտյանը:

Ըստ նրա` իրավիճակը պետք է դիտարկել քաղաքական բնական պրոցեսների տրանֆորմացիայի հունի մեջ, սակայն ակնհայտ է, որ ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով:

«Սա իմ անձնական կարծիքն է, ես չեմ ասում՝ ճնշել են, ես ասում եմ՝ հնարավոր գործողություններով կամ մտավախություններով: Ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, և խորհրդարանն ավելի շատ է դառնում համահունչ հասարակական-քաղաքական տրամադրություններին այն առումով, որ գումարային որոշիչ ձայներն այլևս Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չեն: Սա, իհարկե, ենթադրում է, որ ոչ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները` անկախները և այլ քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները, պետք է այդ դեպքում միասնական քվեարկեն և ներկա լինեն: Այսինքն` քանի որ շատ փոքր է տարբերությունն այս պահի դրությամբ, և անգամ, եթե 1-2 պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, մեկ է, քվեարկությունների ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա 2 կողմից էլ: Սա արդեն ընթացիկ հարց է, ոչ թե՝ ռազմավարական»,- ասաց Ա.Աշոտյանը:

Ըստ նրա` ռազմավարական տեսանկյունից ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է խորհրդարանում, և այսօր նաև՝ ամբողջ քաղաքական դաշտում. «Ինձ ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական ուժ, որն այս պահի դրությամբ իրեն դիտարկի՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն»:

Ա.Աշոտյանի կարծիքով` սա նշանակում է, որ քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ ՀՀԿ-ի դիրքերը բյուրեղանում են և կարևորվում է նաև գործադիր իշխանության համար, որովհետև եթե խոսում ենք ժողովրդավարական Հայաստանի, բազմակուսակցական ժողովրդավարության և քաղաքական պլյուրալիզմի մասին, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն քաղաքական արժեքն իր վերաիմաստավորում է, այս դեպքում` որպես քաղաքական բազմազանություն, քաղաքական պլյուրալիզմի բազմակարծություն ապահովող շատ կարևոր քաղաքական մարմին: Նրա խոսքով` սա կարևոր է, որ ոչ միայն երկրի ներսում ապահովի հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում բազմակարծության դիրքորոշումը, այլև արտասահմանյան, միջազգային ատյանների պարագայում նույնպես դիտարկելի լինի, որ Հայաստանը ոչ թե իշխանափոխության արդյունքում անցնում է միաբևեռ ավտորիտարին մոտ կառավարման մոդելի, այլ պահպանում է իր բազմակուսակցական, ժողովրդավարական կառուցվածքը. «Սա իմիջային տեսակետից Հայաստանի համար, կարծում եմ, շատ դրական է և շատ կարևոր»:

Ա.Աշոտյանը հիշեցրեց, որ իշխանափոխությունից հետո իր առաջին ելույթներից մեկն ԱԺ ամբիոնից եղել է այն մասին, որ կան մտահոգություններ և մտավախություններ, այդ թվում` քաղաքական հետապնդումների հետ կապված. «Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարության, արդարադատության գործընթացով, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ կա սելեկտիվ, ընտրողաբար արդարության միտում, և այդ սելեկտիվ արդարության միտումը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը, որովհետև եթե՝ արդարություն, ապա՝ արդարություն բոլորի համար»:

Ա.Աշոտյանը նշեց, որ ակնհայտ է, որ պետական տարբեր ատյանների գործողությունների մոտիվները քաղաքական են, և ակնհայտ է, որ այդ մոտիվները ՀՀԿ-ի համար այնուհանդերձ կարևոր են այն տեսակետից, որ իրենք պահպանում են միախմբվածությունը և շարունակում են ներկայանալ խորհրդարանում՝ որպես քաղաքական ազդեցիկ միավոր:

Ա.Աշոտյանը համաձայնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի տեսակետին, որ այս կերպ խմբակցությունն ինքնամաքրվում է:

168.am-ի հարցին` խմբակցությունից նոր հեռացողներ կլինե՞ն, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ` գործընթացը կարող է շարունակվել, ոչ այն ծավալով, որ տեղի է ունեցել մինչ այսօր, բայց չեմ բացառում, որ եզակի դեպքեր այս ընթացքում կլինեն: Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պահպանելու է իր թիվ 1 քաղաքական խմբակցության դերակատարությունը` լինելով ամենամեծ խմբակցությունն այստեղ»:

Տեսանյութեր

Լրահոս