Բաժիններ՝

«Նախագիծը բխում է զինծառայողների շահերից, բխում է օրենքի կարգավորումներից». Կորյուն Նահապետյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՊՆ տեղակալ Մակար Ղամբարյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ըստ նրա` ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների սոցիալական երաշխիքները:

2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որոնց հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ, ինչն ընդունելի չէ, հաշվի առնելով դրամական ապահովության չափերը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կատարողական ակտերը տրվել են վարկային պարտավորությունների շրջանակներում հիմնականում որպես երաշխավոր հանդես եկած զինծառայողների մասով:

Փոխնախարարի կարծիքով` նշված հանգամանքը կարող է իրական խոչընդոտ դառնալ նոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության կայացման համար, ինչպես նաև փաստացի հանգեցնել ծրագրի շրջանակներում զինծառայողների հետ կնքված պայմանագրերի չկատարման:

«Նախագիծը բխում է զինծառայողների շահերից, բխում է օրենքի կարգավորումներից»,- ասաց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նախագիծն ընդունվեց միաձայն և ներառվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս