![](/banners/BeFunky-design.jpg)
«Առողջապահության ոլորտը շատ սպեցիֆիկ է. լայնամասշտաբ օպերացիաներ, տարբեր տասնյակ կամ քսան մարդու ձերբակալումներ չեն կարող լինել». Արսեն Թորոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/Arsen-Torosyan.jpg)
«Խոսքը ոչ թե այս պահին չարաշահումների մասին էր, այլ գումարների անարդյունավետ բաշխումների մասին, որը մեր պետությունն իրեն թույլ տալ չէր կարող»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի հետ իրենց աշխատանքին:
Ըստ նրա` երբ կա որևէ հիվանդությունից մահացող մարդ, պետությունը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ առողջարանային բուժման մասով:
Ա.Թորոսյանը նշեց, որ չարաշահման մեկ դեպքով նամակ է ուղարկել ԱԱԾ, ընդ որում` ոչ իր բացահայտած. «Հարցը գնումների ոլորտին է վերաբերում: Ընդհանրապես առողջապահության ոլորտը, ուզում եմ բոլորս ֆիքսենք, շատ սպեցիֆիկ և նուրբ ոլորտ է և լայնամասշտաբ օպերացիաներ, տարբեր տասնյակ կամ քսան մարդու ձերբակալումներ չեն կարող լինել: Ամեն կոնկրետ հիմնարկով կամ ծրագրով զբաղվում են, որոշումներ են կայացնում, գումարների վերաբաշխում, վերադարձ, և երբ 1-2 ամիս հետո այդ բոլորը կունենանք աչքի առաջ, որ, ենթադրենք, 1 մլրդ կարողացանք անարդյունավետ բաշխումներից ետ բերել բյուջե, կորոշենք, թե դա ինչի վրա ենք ծախսում»: