«Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ կտրված է իրականությունից, ընդհանրապես չի հասկանում՝ Արցախում ինչ է կատարվում». Հայկ Խանումյան
Արցախում ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը երկու ուժայինների՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի աշխատանքից ազատումն է։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը՝ խոսելով Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաների և ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից Ստեփանակերտում 2 քաղաքացու ծեծի ենթարկելու մասին։
«Կարծում եմ՝ ինչքան այս որոշումն ուշացվի, այնքան բարդություններ են ստեղծվելու, որովհետև այնքան բողոք է կուտակվել և կուտակվում է։ Կարծում եմ՝ նախագահը պետք է հստակ հակաճգնաժամային քայլեր ձեռնարկի, և այդ քայլերից առաջինը հենց դա է՝ այդ պաշտոնյաներին անհապաղ ազատել աշխատանքից»,- ասաց Հ.Խանումյանը։
Ըստ նրա՝ ուժային պաշտոնյաների փոփոխությունը չի կարող ռիսկեր ստեղծել Արցախի անվտանգության համար. «Ինչի այդ ուժայիննե՞րն են պաշտպանում մեզ Ադրբեջանից։ Մեկը ոստիկանապետ է, մեկը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալը։ Ի՞նչ խնդիր կա։ Բանակի հետ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, և ԱԱԾ մյուս ստորաբաժանումները, որ առնչվում են բանակին, նրանց հետ նույնպես խնդիր չկա։ Սա ընդամենը պաշտոնատար անձանց դիրքի չարաշահման, հովանավորչության և այլնի հետ կապված խնդիրներ են, և անվտանգության հետ կապված չի այդ պաշտոնյաների հեռացումը»։
Դիտարկմանը, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զգուշացրել՝ ուժայինների փոփոխության և Արցախի անվտանգության հետ կապված, Հ.Խանումյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ կտրված է իրականությունից, ընդհանրապես չի հասկանում՝ Արցախում ինչ է կատարվում և, նույնիսկ իր գրածի երկրորդ մասն Արցախում երիտասարդության լիաթոք ծիծաղն է առաջացրել, իսկ ավագ սերնդի մոտ՝ քամահրական քմծիծաղ։ Այնպես որ, լավ կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսի այն թեմաներից, որոնցից հասկանում է կամ գոնե հետազոտել է»։
Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին, որ Բակո Սահակյանին պետք չէ մենակ թողնել, Արցախի ԱԺ պատգամավորը հակադարձեց, որ Բակո Սահակյանը բոլորովին էլ մենակ չէ. «Ձեր կարծիքով՝ Բակո Սահակյանը մենա՞կ է։ Ինչի՞ է մենակ։ Հունիսի 4-ին ԱԺ արտահերթ նիստ է եղել, քաղաքական ուժերը հստակ դրել են պահանջներ։ Բակո Սահակյանը, կարծում եմ, մենակ չի, և չնայած որոշումները տվյալ դեպքում միայն ինքը պետք է ընդունի՝ ազատել նրանց, թե ոչ, բայց կարծում եմ, որ հանրության տարբեր շերտերի կողմից իրեն հստակ նման առաջարկ արվել է»։