«Ոստիկանների թիվը, հնարավոր է, գաղտնազերծվի». Վալերի Օսիպյան
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ ոստիկանների թիվը կգաղտնազերծվի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ թիվը գաղտնի է, բայց համեմատական կարգով դիտարկելիս՝ կան եվրոպական երկրներ, որտեղ ոստիկանների թիվն ավելի է, քան մեր երկրում։ Սակայն, ըստ նրա, ամեն դեպքում կրճատում կլինի։ Թե ինչքա՞ն կնվազի ոստիկանների թիվը, Վ.Օսիպյանը նշեց, որ հանձնաժողով է ստեղծվելու, որը հանգամանալից ուսումնասիրելու է բոլոր ստորաբաժանումները։ Ընդ որում, ոստիկանապետը նշեց, որ չի բացառվում, որ հետագայում իրենք հանդես գան առաջարկությամբ, որ ոստիկանների թիվը գաղտնազերծվի։
Հարցին, թե ցույցեր ցրող սարքավորումներ ձեռք բերելո՞ւ է ոստիկանությունը, Վ.Օսիպյանը պատասխանեց, որ խաղաղ բնույթի հավաքները երբեք չեն ցրվում, իսկ քրեորեն պատժելի այլ գործողություններով զուգորդվելու դեպքում միջամտություններ լինելու են. «Այսօր մենք չունենք որևէ նոր սարք-սարքավորումներ, այլ հակառակը՝ մենք կարող ենք վերանայել մեր եղածը»։