«ԵՊՀ-ում առկա խնդրին 1-2 շաբաթից լուծումներ կտրվեն». Արայիկ Հարությունյան
Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ շատ բացասական կվերաբերվի որևէ ԲՈւՀ-ի ղեկավարությանը, եթե նրանք փորձեն ինչ որ կերպ միջամտել ուսանողական կառույցների գործունեությանը:
«Ես երկու օր առաջ եղել եմ ԵՊՀ-ում և հանդիպել այն ուսանողների հետ, ովքեր պահանջում են իրենց ռեկտորի հրաժարականը: Այդ երիտասարդների մեծ մասը մեզ հետ հավասար այս հեղափոխության դրական արդյունքների կրողն են: Կարծում եմ, որ նման ըմբոստության և հեղափոխական ակցիաների կարիք չկա, որովհետև իշխանությունն այսօր ունի լծակներ` խնդիրներ լուծելու համար: Ես այդ ուսանողներին կոչ եմ արել հանդարտություն ցուցաբերել, որովհետև այսօր, իրոք, կան շատ լուրջ հարցեր, իսկ ԲՈւՀ-երի հետ կապված խնդիրները կսկսեն մոտ 1-2 շաբաթից լուծումներ ստանալ»,- նշեց նախարարը:
Նրա կարծիքով՝ առաջիկայում հնարավոր կլինի խնդրին լուծումներ գտնել, սակայն արհեստականորեն իրենք չեն պատրաստվում միջամտել ուսանողական շարժումներին:
Հարությունյանն ընդգծեց, որ ՀՀ ԿԳ նախարարությունը չունի լիազորություններ որևէ մեկին պաշտոնանկ անելու: Այդ հարցը պետք է որոշեն այն անձինք կամ խորհուրդները, ովքեր մտնում են տվյալ ԲՈւՀ-երի ղեկավարության մեջ, իսկ գերատեսչությունն իրավական առումով լծակներ ունի` խորհուրդներ ձևավորելու: