Բաժիններ՝

Google-ը «խելացի» ինտերնետ-քաղաք է կառուցում Տորոնտոյում

Տորոնտոյում, Օնտարիո լճի ափի արեւելյան մասի երկայնքով, կառուցվում է նոր թվային քաղաք: Դրանով զբաղվում է Sidewalk Labs ֆիրման, որը պատկանում է Alphabet-ին՝ Google-ի մայր ընկերությանը: Ընկերության ներկայացուցչի խոսքով, այդ նախագիծը պետք է դառնա 21-րդ դարի ուրբանիզմի օրինակ:

Մինչդեռ շատերի մոտ այն առաջացնում է մի շարք հարցեր, որոնցից գլխավորն այն է, թե արդյոք չափազանց հեռու չի գնացել քաղաքային իշխանությունների եւ մասնավոր կորպորացիաների համագործակցությունը:

Ընդ որում՝ խոսքը ոչ թե պարզապես ինչ-որ կորպորացիայի, այլ աշխարհի խոշորագույն տեղեկատվական-տեխնոլոգիական ընկերություններից մեկի մասին է, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել: Sidewalk Labs-ը խոստանում է Օնտարիո լճի ափի անուշադրության մատնված շրջանը դարձնել աշխույժ մինի-քաղաք, որն ամբողջությամբ կառուցված կլինի Համացանցի հիման վրա:

Այդուամենայնիվ, դեռեւս հայտնի չէ, թե հատկապես երբ է ավարտվելու ապագայի քաղաքի կառուցումը: Դան Դոկտորոֆը՝ Sidewalk Labs-ի ղեկավարը եւ Նյու Յորքի նախկին փոխքաղաքապետը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագծի նպատակը «քաղաքաբնակների կյանքն ավելի առողջ, անվտանգ, հարմարավետ ու հետաքրքիր դարձնելն է»:

«Մենք ցանկանում ենք ստեղծել այն բանի տիպարային մոդելը, թե ինչպիսին կարող է լինել քաղաքային կյանքը 21-րդ դարում»,-ասում է նա: Նոր քաղաքի տարածքը սփռված կլինի տվիչներով, որոնք տեղեկատվություն կհավաքեն փոխադրամիջոցների երթեւեկության, աղմուկի մակարդակի եւ օդի աղտոտման մասին, ինչպես նաեւ կհետեւեն էլեկտրացանցի աշխատանքին եւ աղբի դուրսբերմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս