
Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է

Ընթացիկ տարվա հինգ ամիսներին Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը շուրջ 80 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես, մայիսի 31-ի դրությամբ արտահանվել է 48 հազար, իսկ 2017-ի հինգ ամիսներին՝ 27 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ եղանակը բարենպաստ է եղել, տարին առաջ է ընկել: «Այս տարի արտահանման ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան անցյալ տարի: Պարզ է, այս տարի գյուղատնտեսության վիճակն ավելի լավ է, բնությունը ավելի բարենպաստ է եղել, մեկ ամիս առաջ է ընկել տարին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Անդրադառնալով օրերս ՌԴ արտահանված և ետ վերադարձված լոլիկի խմբաքանակին՝ Արթուր Խաչատրյանը նկատեց, որ հարցը Սննդի անվտանգության պետական ծառայության իրավասության ներքո է, բայց ինքը խոսել է ՌԴ իր պաշտոնակցի հետ, երկուստեք պայմանավորվել են ջանք չխնայել, որպեսզի հայկական գյուղատնտեսական մթերքներն արտահանման խնդիր չունենան:
«Խոսքը արտահանված լոլիկի մասին է: Մեր որոշ տարածաշրջաններում ունեցել ենք խնդիրներ, այնտեղից արտահանում չենք անի, եթե չկարողանանք ապահովել պատշաճ ֆիտոսանիտարական պայմանները»,-նշեց գյուղատնտեսության նախարարը: