Կիմ Չեն Ընը Փհենյանում ընդունել է Լավրովին
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ռուսական պատվիրակության մի աղբյուր:
«ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընն ընդունել է պաշտոնական այցով Փհենյանում գտնվող ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Լավրովը Փհենյան է ժամանել տեղական ժամանակով մայիսի 31-ի վաղ առավոտյան: Նա Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում բանակցություններ է անցկացրել ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի հետ: Ամփոփելով դրանց արդյունքները Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ կլինի պաշտպանել ԿԺԴՀ-ի շուրջ այն պայմանավորվածությունները, որոնք կհամապատասխանեն ներգրավված բոլոր կողմերի շահերին:
«Երբ այդ պայմանավորվածությունները ներկայացվեն միջազգային հանրակցության քննարկմանը, հնարավոր է՝ Անվտանգության խորհրդին հարկ կլինի պաշտպանել այս կամ այն ձեռնարկումները, իհարկե, մենք պատրաստ կլինենք հանդես գալ հօգուտ այն կոնկրետ պայմանավորվածությունների, որոնք կհամապատասխանեն ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի շահերին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: