Բաժիններ՝

Amnesty International-ը կոչ է արել Ուկրաինային պատժել լրագրող Բաբչենկոյին սպանողին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում համոզված են, որ Ուկրաինայի իշխանությունները պարտավոր են արդյունավետորեն հետաքննել ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը, որպեսզի մեղավորները գտնվեն ու պատասխանատվության ենթարկվեն, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ին:

«Արկադի Բաբչենկոյի սոսկալի սպանությունը չպետք Է անպատիժ մնա: Ուկրաինայի իշխանությունները չպետք Է կանգ առնեն, քանի դեռ այդ խայտառակ սպանությունը կատարած հանցագործը չի գտնվել ու պատասխանատվության ենթարկվել»,- մայիսի 30-ին «Amnesty International Ուկրաինա»-ի տնօրեն Օքսանա Պոկալչուկի խոսքը մեջբերել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ինչպես արդեն հաղորդվել է, Կիեւի Դնեպրովսկի շրջանում իր տանն անհայտ անձինք թիկունքից կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին: Ստացած վերքերից նա մահացել է «շտապ օգնության» ավտոմեքենայում: Ուկրաինայի ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոն հայտնել է, որ սպանության վկա է դարձել Բաբչենկոյի կինը, որը եղել է լոգարանում:

«Նա կրակոցներ է լսել, դուրս եկել եւ տեսել ամուսնուն արյան մեջ: Կանչել է «շտապ օգնություն», նրան տարել են, նա մահացել է «շտապ օգնության» մեքենայում»,- պատմել  է Տրակալոն «Ուկրաինսկայա պրավդա»-ին:

Ինչպես Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, կրակողը լրագրողին, որը տուն էր վերադառնում խանութից, սպասել է մուտքի սանդղահարթակում:

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը պաշտոնական սոցիալական ցանցերի օգտահաշիվներում հրապարակել է սպանության կասկածյալի ֆոտոռոբոտը: Ազգային ոստիկանության Կիեւի վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ սպանության հիմնական վարկածը ոստիկանությունը համարում է լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը:

Բաբչենկոն «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի զինվորական թղթակիցն էր, գրում էր «Նովայա գազետա»-ի եւ այլ հրատարակությունների համար: Լրագրողը լուսաբանում էր Հարավային Օսիայի եւ Ուկրաինայի արեւելքի ռազմական հակամարտությունները: Բաբչենկոն խիստ քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին: 2012 թվականի մարտին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ հանուն ազատ ընտրությունների հանրահավաքի զանգվածային անկարգությունների կոչերի համար:

2017 թվականի փետրվարին Բաբչենկոն հայտնել է, որ բազմիցս իր հասցեին արված սպառնալիքների պատճառով մեկնել է Ռուսաստանից: Նախ նա գտնվում էր Չեխիայում, այնուհետեւ՝ Իսրայելում, իսկ 2017 թվականի օգոստոսից ապրում էր Կիեւում: Ուկրաինայում նա հաղորդում էր վարում ATR ղրիմաթաթարական հեռուստաալիքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս