
Թուրքիայի նախագահի թեկնածուն ցանկանում է երկիրը վերադարձնել խորհրդարանական համակարգին

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (ԺՀԿ) Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ հունիսի 24-ի ընտրություններում իր հաղթանակի դեպքում մտադիր է երկիրը վերադարձնել կառավարման խորհրդարանական համակարգին:
Անցյալ տարվա ապրիլին Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու շուրջ կայացած սահմանադրական հանրաքվեն ավարտվել է նախագահ Թայիփ Էրդողանի կողմնակիցների հաղթանակով աննշան առավելությամբ. նրանք հավաքել էին ձայների 51,4 տոկոսը:
«Մենք անպայմանորեն կվերադառնանք խորհրդարանական համակարգին: Երբ ընդդիմությունը մեծամասնություն կունենա խորհրդարանում, մոտավորապես երկու տարվա ընթացքում կվերացվեն հին խորհրդարանական համակարգի բացասական գործոնները, մենք այն կթարմացնենք եւ նոր թռիչք կկատարենք ժողովրդավարության ճանապարհին»,-ասել է Ինջեն:
Նա հավելել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում հենց առաջին օրը կվերացնի արտակարգ դրության ռեժիմը, որը Թուրքիայում սահմանվել է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո: Ինջեն նաեւ հայտարարել է, որ քրդական խնդրի կարգավորման ծրագիր ունի: