«Մեծ ուշադրությամբ էինք հետևում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին». Գիորգի Կվիրիկաշվիլի
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:
Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Վրաստանի վարչապետը ողջունել է հայաստանյան գործընկերներին ու ևս մեկ անգամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին:
«Մենք մեծ ուշադրությամբ էինք հետևում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու և առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը: