«ՀՅԴ-ն միակամ է»
ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 29-ին Երևանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։
Ժողովն արձանագրեց, որ Հայոց պետականության հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ և գերխնդիր՝ թե՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թե՛ սփյուռքահայության համար:
Ժողովն արժևորեց համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝ համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի և կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ