«Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումը անչափ կարևոր է Վրաստանի համար». Կվիրիկաշվիլի

Վրաստանը և Հայաստանը միմյանց հետ կապված են բազմադարյա բարեկամական և բարիդրացիական կապերով, ինչն արտացոլվում է գործընկերային համագործակցության մեջ։ Ինչպես Թբիլիսիից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

«Խորհրդային Միության փլուզումից և անկախություն ձեռք բերելուց հետո մենք կարողացանք փոխշահավետ համագործակցություն զարգացնել՝ հիմնված փոխադարձ վստահության վրա»,- ընդգծեց Կվիրիկաշվիլին:

Նա հավելեց, որ Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար: «Մենք մեծ ուշադրությամբ հետևում էինք բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներում զարգացող իրադարձություններին, երբ հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնականության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հավատարմության վառ օրինակ: Ես շնորհավորում եմ իմ թանկագին հյուրին Հայաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասաց Վրաստանի վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլին շեշտեց, որ ևս մեկ անգամ վերահաստատում է Վրաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված արդյունավետ աշխատանք տանելու վերաբերյալ: «Այսօր մենք քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, շոշափեցինք նաև առևտրային հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Չնայած համագործակցության առկա բարձր մակարդակին՝ գոյություն ունի այն ավելի խորացնելու մեծ ներուժ»,- ասաց նա:

Կվիրիկաշվիլին ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային մարտահրավերներին և ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը: «Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Վրաստանի հարավային շրջաններ, որտեղ հանդիպում կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի՝ ազգությամբ հայ բնակչությունը ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործում, ինչը վկայում է բազմազգ Վրաստանի միասնության մասին: Մեր բնակչությունը՝ անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է մեկ նպատակի՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը»,- եզրափակեց Վրաստանի վարչապետը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով ապագա համագործակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս