«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը՝ անձրևաջրերի կուտակումների առնչությամբ
Հարգելի քաղաքացիներ.
Վեոլիա Ջուր ՓԲԸ հիմնական գործառությունից մեկը նաեւ վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրեւաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է:
Այն իրականացվում է գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով: Մասնավորապես, նվազագույնը տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաեւ վերանորոգվում, ինչի շնորհիվ անձեւատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին:
Իսկ անձրեւաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության: Տվյալ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունում ձեւավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս:
Շատերը տեսած կլինեն. աղբը անձրեւընդունիչներից Վեոլիա Ջրի աշխատակիցները հանում են ու կուտակում հարեւանությամբ, որն այնուհետեւ հեռացվում է «Սանիտէք» ընկերության կողմից:
Սակայն մեր կողմից վարձակալած Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրեւատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը: Դա հետեւանք է այն բանի, որ Երեւանի բուռն զարգացումը անցած տասնամյակների ընթացքում հիմնականում չի ուղեկցվել անձեւատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ:
Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրեւաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրեւատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը: Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է:
Արդյունքում, եթե մեղմ անձրեւները աննկատ են մնում երեւանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրեւների ժամանակ երբեմն անձրեւատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը: Դրանք կուտակվում են հիմնականում փողոցներում՝ խոչընդոտելով տրանսպորտի աշխատանքն ու անհարմարություններ պատճառելով անցորդներին: Նման այդպիսի մի երեւույթի ականատես եղան երեւանցիները վերջին օրերին, որի համար, որպես ակամա մեղավոր, հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում խնդրի լուծման գործում մեր պատրաստակամությունը:
Տեղեկատվության կարգով այնուամենայնիվ նշենք, որ ըստ օդերեւութաբանների, վերջին օրերին մայրաքաղաքում հատվածաբար տեղացած անձրեւները եղել են արտակարգ հորդառատ եւ գերազանցել են նորմերը մի քանի անգամ: Վեոլիա ջրի մասնագետները, ովքեր, ելնելով եղանակային կանխատեսումներից, այդ ժամերին հերթապահել են ջրի հնարավոր կուտակման վայրերում, ամենուր չէ, որ կարողացել են ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը նույն՝ անձրեւատարների անբավարար թողունակությամբ պայմանավորված:
Իսկ խնդրի արմատական լուծումն առկա համակարգի առաջընթաց տեմպերով զարգացումն է, որը ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված վարձակալության պայմանագրով դրված է Վարձատուի՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի վրա:
Ելնելով դրանից, վարձակալ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն, որպես շահագործող կազմակերպություն, դիմել է վերջինին, խնդրելով Երեւան քաղաքի անձեւատար համակարգերում գոյություն ունեցող խնդիրները ներառել պետական ներդրումային ծրագրերում՝ տեսանելի ապագայում դրանց լուծում տալու նպատակով:
Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն