Կիևում սպանվել է լրագրող Արկադի Բաբչենկոն
Կիեւի Դնեպրովսկի շրջանում իր տանն անհայտ անձինք թիկունքից կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին: Ստացած վերքերից նա մահացել է «շտապ օգնության» ավտոմեքենայում, տեղեկացնում է BBC-ին:
Ուկրաինայի ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոն հայտնել է, որ սպանության վկա է դարձել Բաբչենկոյի կինը, որը եղել է լոգարանում: «Նա կրակոցներ է լսել, դուրս եկել եւ տեսել ամուսնուն արյան մեջ: Կանչել է «շտապ օգնություն», նրան տարել են, նա մահացել է «շտապ օգնության» մեքենայում»,- պատմել է Տրակալոն «Ուկրաինսկայա պրավդա»-ին:
Ինչպես Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, կրակողը լրագրողին, որը տուն էր վերադառնում խանութից, սպասել է մուտքի սանդղահարթակում: Ուկրաինայի ազգային ոստիկանությունը պաշտոնական սոցիալական ցանցերի օգտահաշիվներում հրապարակել է սպանության կասկածյալի ֆոտոռոբոտը:
Ազգային ոստիկանության Կիեւի վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ սպանության հիմնական վարկածը ոստիկանությունը համարում է լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը լրագրողի սպանության առթիվ հայտարարել է, որ դա կարող է լինել Ուկրաինայի ապակայունացման մարտավարություն Ռուսաստանի կողմից:
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին տարածել է հայտարարություն, որով Ուկրաինայի իշխանություններից պահանջել է գործադրել բոլոր ջանքերը Բաբչենկոյի սպանությունը հետաքննելու համար: Բաբչենկոն «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի զինվորական թղթակիցն էր, գրում էր «Նովայա գազետա»-ի եւ այլ հրատարակությունների համար:
Լրագրողը լուսաբանում էր Հարավային Օսիայի եւ Ուկրաինայի արեւելքի ռազմական հակամարտությունները: Բաբչենկոն խիստ քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին: 2012 թվականի մարտին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ հանուն ազատ ընտրությունների հանրահավաքի զանգվածային անկարգությունների կոչերի համար: 2017 թվականի փետրվարին Բաբչենկոն հայտնել է, որ բազմիցս իր հասցեին արված սպառնալիքների պատճառով մեկնել է Ռուսաստանից: Նախ նա գտնվում էր Չեխիայում, այնուհետեւ՝ Իսրայելում, իսկ 2017 թվականի օգոստոսից ապրում էր Կիեւում: Ուկրաինայում նա հաղորդում էր վարում ATR ղրիմաթաթարական հեռուստաալիքում: