Ռոբերտ Նազարյանին չեն հրավիրել գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման շուրջ ՀՀ կառավարության քննարկումներին
Այսօր կառավարությունում սկսվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման շուրջ քննարկումներ: Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝ դրանց մասնակցում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից մասնագետներ, ինչպես նաև ՀԷՑ-ից և «Գազպրոմից» ներկայացուցիչներ:
168.am-ին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հաստատեցին, որ քննարկումներ են սկսվել: Թե ե՞րբ պարզ կլինեն արդյունքները, կամ սակագնի քանի՞ տոկոս իջեցման մասին է խոսքը, դեռևս պարզ չէ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ վարչապետի մոտ նման քննարկումներ չեն ընթանում:
ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ որևէ քննարկման մասին տեղյակ չէ:
«Չկա նման բան, ես տեղյակ չեմ, մենք նման քննարկումների չենք մասնակցել, մեզ չեն հրավիրել»,- ասաց Ռ.Նազարյանը:
Նա նշեց, որ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը ՀԾԿՀ-ի խնդիրը չէ: Ամեն դեպքում, Ռ.Նազարյանը տարակուսանք հայտնեց, որ առանց Հանձնաժողովի նման հարց է քննարկվում, քանի որ, ի վերջո, իրավական ակտն ընդունում է ՀԾԿՀ-ն:
«Եթե նման բան է եղել և մեզ չեն հրավիրել, դա մի քիչ անհասկանալի է»,- ասաց Ռ.Նազարյանը: