Բաժիններ՝

Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրինությունն աշխատակիցներից 5000-ական դրամ է պահել կոմունալ վճարումների համար. ահազանգում են բուժաշխատողները

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայից ահազանգում են, որ բուժաշխատողների աշխատավարձերից 5000-ական դրամ տնօրինությունն անօրինական կերպով պահումներ է արել կոմունալ վճարումների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` չարաշահումների վերաբերյալ ահազանգերի հետքերով «Ելք» Խմբակցության Երևանի ավագանու անդամները Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը և Անի Խաչատրյանը այցելել էին բուժհաստատություն:

Բժիշկների և բուժքույրերի մի մասը հերքում էին տեղեկությունը, թե իրենց աշխատավարձից պահումներ են արվում բուժհաստատության կոմունալ վճարումների համար, սակայն մի քանի հոգի հաստատեցին:

Լրագրողների հետ զրույցում կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ աշխատակիցների համար չի կարող պատասխան տալ, բայց իր բաժնում նման դեպք չի եղել:

«Ես առաջին անգամ եմ ձեզանից այդպիսի բան լսում: Մենք կոմունալ վճարումներ չենք արել, ամբողջը հիմնարկի կողմից է վճարվել: Ձմռանն այստեղ տաք է եղել, և այս պահին էլ իմ աշխատասենյակում հղի կանայք կան նստած, ովքեր ձմռան ամիսներին էլ են այստեղ եկել. կարող եք նրանցից ճշտել, արդյո՞ք տաք է եղել մեզ մոտ, թե՞ ոչ»,- ընդգծեց Աշոտ Ահարոնյանը:

Այս հարցի շուրջ բոլորովին այլ կարծիք հայտնեց բուժհաստատության ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը: Նա շեշտեց, որ բազմիցս փորձել է հաշվապահությունից իր աշխատավարձի հստակ չափը պարզել, քանի որ ժամանակ առ ժամանակ տատանումներ են եղել:

«Ինձ հաշվապահությունից պատասխանել են, որ հատկապես ձմռան ամիսներին որոշակի տոկոսներ են պահվում` կոմունալ վճարումների հետ կապված: Երբ ես փորձեցի հասկանալ, թե ինչու է այդպես, ինձ ասացին, որ օրենքով սահմանված է այդ պահումը: Պաշտոնապես նրանց խոսքով պահվում է 10 տոկոս, սակայն եղել է, որ նախկին աշխատավաձի ժամանակ 20-25 հազար դրամ պահվել է: Մեր տնօրենն իմ չհարկված աշխատավարձի չափն ասել է 166 հազար, սակայն, երբ ինձ տեղեկանք էր պետք` գրվեց 148 հազար դրամ»,- ասաց Մետաքսյա Մելքոնյանը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները փորձեցին նաև ամենը ճշտել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանից:

«Մեզ և բոլոր կազմակերպություններում թույլատրվում և կիրառվում է, որ ֆինանսատնտեսական կանոնակարգմամբ, բազմաթիվ ծախսերի կատարման համար ընկերության տնօրինությունն իրավունք ունի որոշակի նվազեցում անել»,- նշեց տնօրենը և օրենսգրքից մեջբերեց այն հոդվածը, համաձայն որի թույլատրվում է պահումներ անել առավելագույնը 10 տոկոսի չափով:

Լրագրողների խնդրանքով նա մեջբերեց Առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիս 14-ի 17.91 կետի որոշումը, այն է` «Ելնելով կազմակերպության ֆինանսական վիճակից, բուժօգնության առաջարկություններից` բժիշկների և միջին բուժաշխատողների վարձատրման, սույն չափորոշիչով հաստատված վարձատրման նորմաներում կազմակերպությունը կարող է կրճատումներ կատարել` մինչև 10 տոկոս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս