Բաժիններ՝

Նախարարն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ուղևորափոխադրողներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 29-ին ընդունեց նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին։ Նրանք հիմնականում դժգոհ էին ուղևորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից և պահանջում էին օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին և դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, պարզաբանելով իրավիճակը՝ նախարարը նշեց, որ բարձրացված խնդիրներն արդեն օրակարգում են: Նախարարության դիրքորոշումը ևս այն է, որ խնդրի միակ լուծումը լիցենզիայի վերականգնումն է։ Նա ընդգծեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են, օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է։

Աշոտ Հակոբյանն առաջարկեց նախարարության աշխատանքային խմբում ներգրավել նաև ուղևորափոխադրողների ներկայացրուցիչներին, ովքեր հանդես կգան ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններով։

Անդրադառնալով հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների արգելքին՝ նախարար Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում ժամկետները երկարացնելու ուղղությամբ։ Նա նշեց, որ նաև ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված խնդիրներ կան, և նախարարությունը սպասում է ռուսական կողմի արձագանքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս