
Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը միայն սկզբն է. Կոսաչով

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծիք է հայտնել, որ Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանրապետությունների անկախության ճանաչումը եւ նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն աշխարհի կողմից այդ հանրապետությունների ճանաչման գործընթացի միայն սկզբն է:
«Ռուսաստանն, իհարկե, պաշտպանում է այդ գործընթացը: Մենք հիանալի հասկանում ենք, որ դա արվում է ոչ թե ի հեճուկս որեւիցե մեկի, այլ ի պաշտպանություն մարդկանց ու նրանց օրինական ձգտումների: Վստահ եմ, որ դա բնավ վերջը չէ աշխարհի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումների շարքում»,- մայիսի 29-ին ասել է Կոսաչովը ՏԱՍՍ-ին: Նրա կարծիքով՝ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստը «եւս մեկ վկայությունն է այն բանի, որ Արեւմուտքի գործողությունները բերում են այնպիսի արդյունքների, որոնք տրամագծորեն հակառակ են նրանց սպասածին»:
«Դա, անտարակույս, կարեւոր իրադարձություն է կովկասյան հանրապետությունների համար, որն ամրապնդում է նրանց միջազգային դիրքերը եւ ցուցադրում մի շարք պետությունների կողմից նրանց գոյության բուն փաստն անտեսելու բոլոր փորձերի ապարդյուն լինելը՝ «եթե մենք փաստը չենք ընդունել, այնքան վատ փաստի համար» տրամաբանությամբ, նշել է սենատորը: Ավելի վաղ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն: