«Հայերից ոմանք իրենց նախկին գործն են վերականգնում, ոմանք նոր գործ են սկսում»
Հալեպում ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները հիմնականում բարելավված են, կյանքը վերադարձել է բնականոն հուն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բավական բարելավվել է:
«Օրեր են եղել, երբ տևական ժամանակ չենք ունեցել ջուր, էլեկտրականություն: Այսօր իրավիճակն այլ է, օրվա 10 ժամից ավելի հոսանք ենք ունենում, ջրամատակարարման հարցը կարգավորվել է: Քաղաքային իշխանությունը զգալի աշխատանք է կատարել փողոցները քարերից, աղբից մաքրելու ուղղությամբ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ կյանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ սիրիական պատերազմի ընթացքում երկիրը հսկայական վնասներ է կրել, այսօր կառավարությունը կանգնած է խոշոր նյութական պարտավորությունների առջև: Այդուհանդերձ, կառավարությունը ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված աշխատանքներ է տանում երկրի վերականգնման ուղղությամբ: Խոսելով Սիրիայի զինված ուժերի հաջողություններից՝ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այսօր երկրի կարևորագույն տարածքներն ազատագրված են:
Անդրադառալով Հալեպում սիրիահայերի տեղաշարժին՝ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ արդեն դրական միտումներ նկատվում են, նկատելի թվով ընտանիքներ գործնական քայլերի են դիմել և վերադարձել են: Վերադարձողները և´ Լիբանանից են, և´ արևմտյան երկրներից: Հայերից ոմանք իրենց նախկին գործն են վերականգնում, ոմանք նոր գործ են սկսում: Հիմնականում արհեստագործական, առևտրի ոլորտներում են: Հայ համայնքն իր ազգային կենտրոններով ձեռնամուխ է եղել հայկական կրթօջախների, կառույցների վերականգնման գործընթացին:
Հալեպն ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին: Ժողովուրդը ցնծությամբ է տոնել բազմաչարչար Հալեպի ազատագրումը: