Շիրակ Թորոսյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից
«Ես, ելնելով մի շարք պատճառաբանություններից, մասնավորապես` իմ և ՀՀԿ խմբակցության քաղաքական գործընթացների վերաբերյալ մոտեցումների անհամատեղելիությունից, ելնելով նաև այն հանգամանքից, և իմ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչն եմ ես խորհրդարանում, «Հզոր հայրենիք» կուսակցությունը, հնարավոր է, որ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշում կայացնի ինքնուրույն գնալու և, հետևաբար, չի կարող մի կուսացկության փոխնախագահ, որը պատրաստվում է քաղաքական գործընթացների, լինել մեկ այլ խմբակցության կազմում, ելնելով նաև այլ տարբեր հանգամանքներից, ես հայտարարեցի ՀՀԿ խմբակցությունից իմ դուրս գալու մասին»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը` դուրս գալով խմբակցության նիստից:
Ըստ նրա` մարդկային հարաբերությունները պահպանվում են, սա քաղաքական որոշում է: Հարցին` փաստորեն ձեզ չներեցի՞ն Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար, Շ.Թորոսյանը հակադարձեց, թե ինքն է որոշում կայացրել դուրս գալ խմբակցությունից:
Շ. Թորոսյանը բացառեց մանդատը վայր դնելու հավանականությունը` հիմնավորելով, թե այն հազարավոր ընտրողների համար է և ծառայում է նրանց, ու թեև ինքը ՀՀԿ համամասնական ցուցակով է անցել խորհրդարան, դա եղել է հազարավոր ընտրողների շնորհիվ:
«Որպես անկախ պատգամավոր ես լինելու եմ իմ խղճի հետ, ժողովրդի հետ»,- ասաց Շ. Թորոսյանը` նկատելով, որ առաջիկայում կրկին կարող էին լինել իրավիճակներ, որ լինեին դեբատներ և խմբակցության դիրքորոշումից տարբերվող քվեարկող պատգամավորը պետք չէ լինի խմբակցությունում: