
«Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, բայց…». Ժիրայր Ռեիսյան

Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
«Հարցը չափազանց կարևոր է, Սիրիայի կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Օդանավակայանն, իրականության մեջ, կարող եմ ասել, պատրաստ է: Այն նույնիսկ երբեմն ոչ պաշտոնական թռիչքներ ունի: Ինչպես գիտենք, որոշ շրջաններում դեռ կան զինյալ ահաբեկչական խմբեր և բնականոն թռիչքների պարագայում հնարավոր է հրթիռակոծություններ լինեն, հետևաբար, անվտանգության նկատառումներից ելնելով կառավարությունը դանդաղում է պաշտոնապես օդանավակայանը վերագործարկել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Ամեն դեպքում վերջին շրջանի քաղաքական զարգացումների, բանակի գործողությունների, առաջընթացի լույսի ներքո, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ օդանավակայանի վերաբացումը հեռու չէ:
2011 թվականի մարտին Սիրիայում սկսված պատերազմի պատճառով, տեղական իշխանությունները, անվտանգության խնդիրների ելնելով, տևական ժամանակ ամբողջապես չեն գործարկում Հալեպի օդանավակայանը: Այն ժամանակ առ ժամանակ իրականացնում է ոչ պաշտոնական թռիչքներ: