«Լիահույս եմ, որ Հայաստանը օգնության կարիք ունեցող երկրից կվերածվի օգնություն տրամադրող երկրի». Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ծրագրերի բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին տարիներ շարունակ Հայաստանում ծավալած գործունեության և տարբեր ծրագրերի տեսքով ցուցաբերած օժանդակության համար, որոնց շնորհիվ փոքրիշատե բարելավվել են շատ խոցելի խմբերի, աղքատության շեմին կանգնած ընտանիքների և երեխաների սոցիալական վիճակը։ «Մեր համագործակցության հարուստ պատմությունը ցույց է տալիս, որ առաջիկայում էլ մենք շատ անելիքներ ունենք։ Ցավոք,  Հայաստանը դեռևս չի հասել այն մակարդակին, որ մեր երկրում չլինեն խոցելի խմբեր,  և ես լիահույս եմ, որ գյուղական համայնքներում և մասնավորապես` խոշորացված համայնքներում,  երեխաների սոցիալական ծանր վիճակի բարելավմանը միտված ծրագրերն առաջիկայում կընդլայնվեն»։ Նախարարը նաև  անդրադարձ է կատարել Թումանյանի խոշորացված համայնքում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծավալած գործունեությանը և նշել, որ այդ դրական փորձն անհրաժեշտ է տարածել այլ համայնքներում ևս, որպեսզի ավելի լայն աջակցություն ցուցաբերվի գյուղական համայնքների երեխաներին։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շնորհավորելով նախարար Պապիկյանին բարդ ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսուհետ ևս պատրաստ է աջակցել և իր օգնությունը ցուցաբերել Հայաստանում երեխաների աղքատության կրճատման և նրանց երջանիկ մանկությունն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծման հարցում։ Տանյա Ռադոչայը տեղեկացրել է նաև, որ դպրոցների սեյսմակայունության գնահատման ծրագրի շրջանակներում մշակվել է փոքր սեյսմակայուն դպրոցների նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն տեղական իշխանություններին և դոնոր ֆինանսական կազմակերպություններին:

Նախարար Պապիկյանը իր խոսքում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայասատանի երեխաների երջանիկ մանկության ապահովման, նրանց ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Հայաստանն էլ մի օր օգնության կարիք ունեցող երկրից կվերածվի  օգնություն տրամադրող երկրի:

Հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են նաև  աղքատության պատճառով երեխաների՝ ընտանիքներից բաժանման, մանկատների բեռնաթափման, կլիմայական փոփոխությունների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող և նախատեսվող մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս