
Բելգիայում երկու ոստիկան և մեկ անցորդ են սպանվել փոխհրաձգության հետևանքով. Le Soir

Երկու ոստիկան եւ մեկ անցորդ են մայիսի 29-ին սպանվել Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Եվս երկու իրավապահներ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Le Soir թերթը:
«Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանության բանդիտիզմի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման մարտիկների կողմից»,-հայտնել է Լիեժի քաղաքագլուխ Վիլլի Դեմեյրը, որը ժամանել է հանցագործության վայր: Նա հայտարարել է, որ «իրադրությունը հսկողության տակ է, եւ հարեւան լիցեյի սովորողներին վտանգ չի սպառնում»:
RTBF հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին): Անհայտ անձը նախ սկսել է կրակել քաղաքի կենտրոնական մասի Ավրոյ ծառուղու սրճարանում, այնուհետեւ պատանդ է վերցրել մի կնոջ եւ թաքնվել հարեւանությամբ գտնվող լիցեյի շենքում:
Պատանդառված կնոջ ճակատագրի մասին առայժմ չի հաղորդվում: Հետաքննությունը հսկողության տակ է վերցրել թագավորության Դաշնային հակաճգնաժամային կենտրոնը, ինչի մասին իր Twitter-ում գրել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յանբոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: