
«Հայ-վրացական հարաբերություններում շատ դրական մթնոլորտ է ստեղծվում». վրացագետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այդ պաշտոնում առաջին այցը Վրաստան շատ կարևոր էր միջպետական այցելությունների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը
«ՀՀ նախագահ ընտրվելուց Արմեն Սարգսյանն առաջին այցը կատարեց Վրաստան: Թեև այն աշխատանքային էր, սակայն օրակարգը բավականին հագեցած էր՝ շատ կարևոր հանդիպումներ Վրաստանի նախագահի և վարչապետի հետ, հանդիպումներ արտասահմանցի այլ ղեկավարների հետ, ովքեր Թբիլիսիում էին»,-ասաց Մելիքյանը:
Նա կարևորեց նաև ՀՀ նախագահի հանդիպումը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով շաբաթներ առաջ է վերադարձել ակտիվ ներքաղաքական կյանք՝ որպես «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար: Վրացագետն առանձնացրեց նաև Արմեն Սարգսյանի ելույթը, որը շատ դրականորեն լուսաբանեց մամուլը: Փորձագիտական համայնքի կողմից արձագանքներ ևս եղան:
«Հայ-վրացական հարաբերություններում շատ դրական մթնոլորտ է ստեղծվում: Ստեղծվել է հնարավորություն հարաբերություններն ավելի խորացնելու և նոր փուլ մտնելու»,-եզրափակեց նա: