«Փողերի լվացման դեմ պայքարի մեխանիզմը հստակ աշխատում է, եթե մեծ գումարի շարժ լինի Հայաստանից դուրս, կտեսնենք». Արթուր Ջավադյան
«Որոշակի ավանդների մի զանգված պայմանագրերը խզել էր, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ ամբողջությամբ այդ ծավալը վերականգնվել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` խոսելով ֆինանսական արտահոսքի մասին:
Նա նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանի ֆինանսների արտահոսքի մասին տեղեկություն չունի, բայց վստահեցրեց, որ մեծածավալ բոլոր փոխանցումներին հետևում են. «Փողերի լվացման դեմ պայքարի մեխանիզմը հստակ աշխատում է, եթե մեծ գումարի շարժ լինի Հայաստանից դուրս, պարզ է, մենք այդ շարժը կտեսնենք և, պարզ է, այդ ինֆորմացիան կգնա համապատասխան մարմինների: Որևէ շարժ չի եղել»:
Ա.Ջավադյանի խոսքով` ԱԱԾ-ի հետ իրենք մշտապես համագործակցում են, տեղեկատվությունը մշտապես փոխանցում են, ինչպես նաև փոխանցում են դատախազությանը և այլ կառույցներին:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության և վարչապետի հետ, Ա.Ջավադյանը պատասխանեց. «Եթե մեր նպատակները նույնն են, ուրեմն` որևէ խնդիր չկա` ունենալ ուժեղ Հայաստան, ունենալ մի երկիր, որտեղ բոլորս կերազենք, որ երերխաներն այս երկրում ապրեն, սովորեն և աշխատեն»: