Հնարավո՞ր է՝ կառավարիչները դժգոհեն և հեռանան Հայաստանից
Առանց օրենսդրական փոփոխության հնարավոր չի լինի հետաձգել կենսաթոշակային կուտակային պարտադիր բացադրիչի ներդրումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Քաղաքականության կրողը մենք չենք, կառավարությունն է, մենք ընդամենը զբաղվում ենք ֆինանսական շուկաների վերահսկողությամբ և կարգավորմամբ: Իհարկե, երկու կառավարիչներն էլ գտնվում են մեր տարածքում, նրանց հետ մշտապես քննարկումներ ունենում ենք: Դեռևս գործում է այն օրենքը, որը գործում է: Համաձայն այդ օրենքի, մենք հուլիսի 1-ից անցնում ենք կենսաթոշակային պարտադիր կուտակման բաղադրիչի ներմուծմանը»,- ասաց Ա.Ջավադյանը:
Ըստ նրա` այս պահին համակարգն ունի գրեթե 200 հազար մասնակից, պարտադիրի ներմուծման հաշվին մասնակիցները կավելանան մոտ 80 հազարով:
Ա.Ջավադյանը նշեց, որ բավականին հուսադրող թվեր կան ֆոնդերում գումարները պահելու հետ կապված և ԿԲ աշխատակցիները որոշել են ապագայում հրապարակել իրենց եկամուտներն այդ ուղղությամբ ու դա բավականին տպավորիչ է:
ԿԲ նախագահը նշեց, որ կառավարիչները գոհ են ունեցածով, բայց նրանց պլանավորածն այլ էր, և այս զանգվածը պետք է լիներ դեռ 2014 թվականին:
168.am-ի հարցին` հնարավո՞ր է՝ կառավարիչները դժգոհեն և հեռանան Հայաստանից, Ա.Ջավադյանը չբացառեց դրա հնարավորությունը. «Այդ որոշումն իրենք պետք է անեն, բայց, իհարկե, հնարավոր է, եթե իրենց ակնկալիքները չհամապատասխանեն իրականությանը»: