«Հնարավոր չէ, որ առանց ՊԵԿ ղեկավարի իմացության՝ այդ կառույցը գործեր». Դավիթ Անանյան
Առանց Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարության` ՊԵԿ նախագահի և տեղակալների գիտության չէր կարող իրականացվել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Հնարավոր չէ, որ առանց ՊԵԿ ղեկավարի իմացության՝ այդ կառույցը գործեր, որովհետև այդ կառույցի առջև հստակ նպատակադրումներ կային դրված»,- ասաց Դ.Անանյանը` նշելով, որ ինքն էլ մամուլից է տեղեկություններ ստանում:
Նա նշեց, որ դա կոնկրետ նպատակով ստեղծված կառույց էր նախկինից եկող կոռուպցիոն ռիսկերը մեղմացնելու համար. «Թե իրենք ինչպիսի՞ աշխատանք են արել, դա արդեն ԱԱԾ-ն կպատասխանի»:
Կոռուպցիոն այլ սխեմաների բացահայտումը ՊԵԿ նախագահը չբացառեց, սակայն հավելեց, որ «Նորֆոլկի» մասին բոլորը դեռ 1.5 տարի առաջ գիտեին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մասնավորապես. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9, այսպես կոչված, «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը:
Այնուհետև, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ՝ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ՝ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ՝ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։
Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։
«Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և տեղափոխված բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների։
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։
Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։
Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: