ԱՄՆ-ը պահանջում է ԿԺԴՀ-ի սահմաններից դուրս բերել նրա ունեցած 20 միջուկային մարտագլխիկները. The Japan Times
ԱՄՆ-ը ներկայում ԿԺԴՀ-ի հետ ընթացող կոնսուլտացիաներում ձգտում է հասնել այն բանին, որ Փհենյանը համաձայնի մոտ ժամանակներս իր ունեցած մինչեւ 20 միջուկային մարտագլխիկների տեղափոխմանը Միացյալ Նահանգներ:
Այդ մասին հայտնել է The Japan Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ խոսքը վերաբերում է նաեւ որոշակի քանակությամբ բալիստիկ հրթիռների տեղափոխմանն ԱՄՆ:
Դա դիտարկվում է որպես անհրաժեշտ քայլ ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ներուժի լիակատար վերացման ճանապարհին՝ ստուգելի ու անշրջելի ձեւով:
Մայիսի 17-ին Asahi ճապոնական թերթը նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում պահանջում է, որ Փհենյանը կես տարվա ընթացքում երկրի սահմաններից դուրս բերի իր ունեցած միջուկային մարտագլխիկների, ռադիոակտիվ նյութերի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների առնվազն մի մասը:
Asahi-ի տեղեկատվության համաձայն, միջուկային մարտագլխիկներից բացի, ԿԺԴՀ-ն ունի ավելի քան 50 կիլոգրամ զինավործական պլուտոնիում եւ մի քանի հարյուր կիլոգրամ բարձրհարստացված ուրան: Վաշինգտոնը եւ Փհենյանն այժմ նախապատրաստվում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հունիսի 12-ին Սինգապուրում պլանավորված հանդիպմանը: Դա կլինի այդօրինակ առաջին գագաթնաժողովը պատմության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: