Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը հանձնվել է ամերիկուհի գրող Ժակլին Վուդսոնին
Ամերիկուհի գրող Ժակլին Վուդսոնին մայիսի 28-ին հանձնել են Աստրիդ Լինդգրենի հիշատակի միջազգային մրցանակը, որը շնորհվում է երեխաների եւ դեռահասների համար գրականության բնագավառում նվաճումների համար: Հանդիսավոր արարողությունը կայացել է Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում:
Պարգեւը դափնեկիրն ստացել է գահաժառանգ արքայադուստր Վիկտորյայի ձեռքից: Մրցանակի ժյուրին նշում է, որ Վուդսոնը «մեզ թույլ է տալիս հանդիպել երիտասարդների, որոնք ամբողջ ուժով փորձում են հաղթահարել իրենց խոցելիությունը եւ գտնել այն վայրը, որտեղ կարելի է սկսել իրենց կյանքը»:
Վուդսոնի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Հրաշքի տղաները» (Miracle”s boys – պատմություն 22-ամյա պատանու մասին, որը մոր մահվանից հետո հարկադրված է հոգալու իր երկու դեռահաս եղբայրների մասին) եւ «Փետուրները»(Feathers – պատմվածք, որի գործողությունը տեղի է ունենում 70-ական թվականներին աֆրոամերիկացի բնակչությամբ ավանում, ուր մի օր սպիտակամորթ տղա է ժամանում), ինչպես նաեւ «Թխամորթ աղջկա երազանքները» (Brown Girl Dreaming):
Աստրիդ Լինդգրենի մրցանակը Շվեդիայի կառավարությունը սահմանել է գրողի մահվանից հետո 2002 թվականի հունվարին: Դրամական վարձատրության գումարը կազմում է 5 միլիոն շվեդական կրոն (շուրջ 610 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: