
Թբիլիսիում ակնկալում են, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կոնկրետ որոշումներ կընդունի Վրաստանի վերաբերյալ

Վրաստանը բոլոր հիմքերն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ ակնկալում է, որ դաշինքի՝ ամռանը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կընդունվեն կոնկրետ որոշումներ: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online-ը», հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:
«Առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում մենք ակնկալում ենք, որ հայտարարության ձեւով կճանաչվեն մեր հաջողությունները եւ աջակցություն կցուցաբերվի ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման ճանապարհին»,- մայիսի 28-ին ասել է նախարարը լրագրողներին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանն անհրաժեշտ բոլոր գործիքներն ունի դաշինքին անդամակցելու համար:
«Մենք արել ենք սկզբունքային քայլեր, որպեսզի ՆԱՏՕ-ի ստանդարտներն իրականություն դառնան Վրաստանում: Դա արդեն կայացած փաստ է, այնպես որ բոլոր հիմքերը կան, որպեսզի Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Իզորիան: