Արա Բաբլոյանը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի խաղաղապահներ,
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու անձամբ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ և մաղթում անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:
Դուք դժվարին ու շնորհակալ առաքելություն եք իրականացնում Հայաստանից շատ ու շատ հեռվում և բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի աջակցությունն եք բերում աշխարհում խաղաղության վերահաստատման սուրբ գործին: Մենք հպարտանում ենք ձեր բարեխիղճ ու անձնվեր ծառայությամբ և դրան տրվող բարձր գնահատականով:
Կոսովոյում, Աֆղանստանում ու Լիբանանում բացվող ամեն խաղաղ կամ վտանգներով լի առավոտ ձեր հարազատների հետ մենք նույն ուրախությունն ու անհանգստությունն ենք ապրում:
Աստված պահապան ձեզ և բոլոր խաղաղապահներին»: