
Սպասվում է, որ Վրաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանն աշխատանքը կվերսկսի արդեն վաղը

Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ), որտեղ մայիսի 24-ի երեկոյան վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկրում էլեկտրաէներգիայի խիստ պակասություն է առաջացել, սովորական ռեժիմով աշխատանքը կվերսկսի, ենթադրաբար, մայիսի 30-ին:
«Հեղեղման օջախը վերացված է: Այժմ ամեն ինչ կարգի է բերված, սակայն ընթանում է դերիվացիոն թունելը ջրով լցնելու գործընթացը, որը դատարկվել էր: Այժմ այն լցված է արդեն մեկ երրորդով: Մենք կարծում ենք, որ երկու օրից կայանը կգործարկվի»,- մայիսի 28-ին լրագրողներին հայտարարել է Ինգուրիի ՀԷԿ-ի տեխնիկական տնօրեն Գիա Խուբուան:
Ըստ որում նա նշել է, որ այս պահին Վրաստանի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ ՀԷԿ-երում եւ ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ հարեւան երկրներից դրա ներմուծման հաշվին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: