ԱՄՆ-ը որոշեց չընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
Սպիտակ տունը որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպման շուրջը շարունակվող բանակցությունների ֆոնին: Այդ մասին մայիսի 28-ին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Սպիտակ տունը պատրաստ էր նոր պատժամիջոցների մասին հայտարարելու արդեն մայիսի 29-ին, բայց մայիսի 28-ին անորոշ ժամանակով հրաժարվել է այդ միջոցներից, նշել է թերթի զրուցակիցներից մեկը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, The Wall Street Journal -ի աղբյուրների տվյալներով՝ պատրաստել էր պատժամիջոցների փաթեթ՝ ուղղված շուրջ 30 անձանց դեմ: Ցուցակում տեղ էին գտել, մասնավորապես, Ռուսաստանի եւ Չինաստանի կազմակերպություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: