
«Երևան սիթիի» գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք». «Առավոտ»

«Առավոտ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:
Մեր տեղեկություններով, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առեւտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաեւ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երեւան սիթիում» առեւտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչեւ 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի:
Այս սուպերմարկետի գանձապահներն «Ալեքս հոլդինգից» առանձին ՀԴՄ- ներով են աշխատել, իսկ նրանց վերահսկելու համար սեփականատերը համակարգչային հատուկ ծրագիր էր պատվիրել, որ դրա միջոցով վերահսկել է բոլոր Ա/Ձ-ների ֆինանսական հոսքերը:
Այսպիսով, Սամվել Ալեքսանյանի ընտանիքը, երեւի թե հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, բավականին «հնարամիտ» մեթոդ է կիրառել հարկերից խուսափելու համար, ինչը տնտեսական լուրջ հանցագործություն է: Հոլդինգում առանձին Ա/Ձ-ների ու դրանց ՀԴՄ-ների գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասն, ըստ մեր տեղեկությունների, հասնում է մի քանի տասնյակ միլիոնների՝ դրամով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: