«Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում»

Հայաստանում բոլոր դեպքերում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու են, այլ հարց է, որ պետությունը պետք է պատրաստ լինի դրան: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ-ն հակված չէ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

«Անհրաժեշտ է, որ պետությունը պատրաստ լինի դրան, որովհետև ընտրական համակարգն, իր ամբողջ ենթակառուցվածքով, պետք է փոփոխության ենթարկվի, որ հասարակության վստահությունն էլ ավելի բարձր լինի նոր ձևավորվելիք քաղաքական պատկերի համատեքստում: Այն, որ այսօր խորհրդարանի ներկայացրած հարաբերակցությունն ակնհայտորեն չի համապատասխանում մեր իրողություններին, դա փաստ է, սակայն ընտրությունները երբ և ինչ ժամկետում պետք է անցկացնել, ինչ հիմնական գործողություններ անելուց հետո, կարծում եմ, որ առաջիկայում վարչապետը, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, ավելի մանրամասն կասին:

Առավել ևս, երբ հաճախ բոլորն ասում էին անհնարին է ինչ-որ բան, բայց կյանքը, Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում: Հետևաբար մեզ համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր հնարավոր բան բխի մեր ժողովրդի, մեր պետականության շահերից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Այն հարցին, թե Դաշնակցությունը պատրաստ է ընտրություններին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ միշտ է պատրաստ: Միայնակ կգնան ընտրություններին, թե ոչ, ըստ նրա, դա արդեն ապագայի քննարկվելիք հարց է:

Տեսանյութեր

Լրահոս