«ԼՂ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը». Զոհրաբ Մնացականյան
«Վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- այս մասին այսօր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
Նա բանակցություններ է վարել ՀՀ ԱԳ նախարարի հետ:
Այսօր նրան կընդունեն Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ իրենց հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձ են կատարել ԼՂ հիմնախնդրին:
Նախարարն ասաց, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրների` Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Այս համատեքստում վերահաստատում ենք Հայաստանի հանձնառությունը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Համակարծիք ենք, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: