«Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:

Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանությունը:

«Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին, որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության, հավատի ու լավատեսության կորուստ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել դառնալ ժողովրդի «հազարավոր ցավերի դարմանողը, անփարատելի սգի ամոքիչը, դարավոր երազանքների իրականացնողը»:

Որպես Առաջին Հանրապետության հայրերի ժառանգներ՝ ժամանակակից սերունդը պարտավորություն է կրում ստանձնելու պատմական այդ առաքելությունը:

«Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս