«Դիրքերի շարժը և հետագայում հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում»․ Սեյրան Օհանյան

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նախկին նախարարը վերաբերվում Մովսես Հակոբյանի նշանակմանը նոր պաշտոնում՝ հաշվի առնելով, որ կարծիքներ են հնչում, որ Մ․ Հակոբյանին ընդհանրապես պետք է համակարգից հեռացնեին՝ նաև ապրիլյան պատերազմում թույլ տված բացթողումների համար։ Ի պատասխան՝ Ս․ Օհանյանն ասաց․

«Մովսես Հակոբյանն այսօրվա մեր ռազմական ղեկավարության մեջ ամենակատարյալ ռազմական գեներալն է՝ իր հրամանատարական անցյալով, իր ստեղծագործական մտածելակերպով, իր փառավոր ճանապարհով։ Այն, ինչ ասվում է, այն ժամանակահատվածի մասին է, որ նաև ես եղել եմ Պաշտպանության նախարար։

Ապրիլյան պատերազմում եղած մանր-մունր թերությունների մասին մենք չպետք է խոսենք։ Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել մեր հրամանատարների և զինվորների սխրագործությունների արդյունքում»։

Հարցին՝ 800 հեկտար տարածքային կորուստը մանր-մունր թերությո՞ւն է, Ս․ Օհանյանն այսպես պատասխանեց․

«Մենք կարողացել ենք մեր բանակի գործունեությամբ կասեցնել մեր հակառակորդի հիմնական նպատակները, իսկ այդ դիրքերի շարժը գտնվում է այսօրվա մեր բանակի խիստ վերահսկողության ներքո։ Դիրքերի շարժը և հետագայում հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում։ Այսօր մեր բանակը պատրաստ է իր առջև դրված ցանկացած խնդիր լուծել՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական»։

Տեսանյութեր

Լրահոս