
«Հայրս, լինելով կուսակցական, կարողացել է ծառայել հայ ազգին. Պատահական չէ, որ դա իմ մեջ էլ կա…»

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ այն, ինչ կապված է հայոց պատմության հետ, իր համար սրբություն է: «Այդ սրբության անբաժան մասն է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Կարծում եմ`վաղ թե ուշ ամեն բան իր ճիշտ ճանապարհով է գնում»,- ասաց Քոթանջյանը:
Դերասանը շեշտեց, որ իր հայրը Խորհրդային միությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում, և նա հայ էր` հավատարիմ իր արժեքներին: Հայրս, լինելով կուսակցական, կարողացել է ծառայել հայ ազգին: Պատահական չէ, որ դա իմ մեջ էլ կա, հուսամ` կլինի նաև որդուս և թոռնիկիս մեջ: Կարծում եմ` այն լավ բաները, որ ունենք պետք է կարողանանք պահպանել և փոխանցել սերունդներին»,-ընդգծեց դերասանը` շնորհավորելով բոլորին:
Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը փաստեց, որ երբ հանրապետություն ստեղծվեց, մենք կառուցեցինք և աշխարհին ներկայացանք մեր Երևան քաղաքով, մեր հզորությամբ, գիտությամբ, արվեստով, նվաճումներով:
«Մեր երրորդ պետականության օրոք այնպիսի ցնցող տպավորություն թողեցինք աշխարհի վրա, այնպիսի մշակույթ ցույց տվեցինք, որը միայն հային էր վայել: Ես այն երջանիկների թվում եմ, ովքեր գերադասում են պետականությունը: Հենց այդ պետականության շուրջը լինելու գաղափարն է, դրա օրոք ապրելու իրավունքն ու հպարտությունն է, որ պետք է գնահատել»,- ընդգծեց երգիչը:
Հայաստանի առաջին կառավարության կազմը հրապարակվել է 1918 թվականի հունիսի 24-ին. այն գլխավորել է Հովհաննես Քաջազնունին: Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել խորհրդարանի առաջին նիստը: 2.5 տարվա ընթացքում հանրապետությունն ունեցավ 4 կառավարություն:
Անժելա Համբարձումյան