Ինչպես առավելագույնս երկարացնել սրտի կյանքը
Սիրտը եւ արյունատար անոթները երիտասարդ ու առողջ կմնան նույնիսկ զառամյալ տարիքում այն դեպքում, երե դրանց տերը շաբաթը 4-5 օր ինտենսիվորեն զբաղվի ֆիզիկական վարժություններով: Այդ մասին գիտնականները հայտարարել են Journal of Physiology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Ծերության օրոք սրտի եւ անոթների առողջությամբ հարկավոր զբաղվել երիտասարդ տարիքում. չի կարելի սպասել մինչեւ յոթանասուն տարեկան եւ հուսալ, որ ձեզ կհաջողվի ինչ-որ ձեւով դրանք երիտասարդացնել: Նույնիսկ եթե դուք ամբողջ տարին զբաղվեք լիցքային վարժություններով, այդ հասակում հազիվ թե ինչ-որ բան փոխվի:
Այժմ մենք պլանավորում ենք ստուգել՝ կօգնեն արդյոք երկամյա սպորտային պարապմունքները քառասուն տարեկան տղամարդկանց ու կանանց՝ բարելավելու սրտի ու անոթների աշխատանքը»,-հայտարարել է Բենջամին Լեւինը ԱՄՆ-ի Դալասի նահանգի Տեխասի համալսարանից:
Ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը համարվում է առաջացած տարիքում սրտի տագնապների, ինֆարկտների, ինսուլտների հաճախանալու, ոսկրերի հետ կապված խնդիրների եւ մի շարք այլ խնդիրների ու հիվանդությունների պատճառներից մեկը, որոնք կապված են օրգանիզմում խոլեստերինի եւ այլ վնասակար նյութերի կուտակման կամ խրոնիկական բորբոքումների զարգացման հետ:
Ինչպես ցույց են տալիս գիտնականների դիտարկումները, ֆիզիկական բեռնվածությունների նույնիսկ աննշան մեծացումը կտրուկ նվազեցնում է ինֆարկտի եւ սրտի ու անոթների հետ կապված այլ խնդիրների զարգացումը: Դրա պատճառն այն է, որ լիցքային վարժությունները եւ սպորտը օրգանիզմի վրա ներգործում են ինչպես հակաօքսիդանտները՝ ճնշելով այն նյութերի սինթեզը, որոնք կապված են բորբոքումների զարգացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: