«Սա երա՞զ է, թե՞ իրականություն»․ Միքայել Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ինչպես ասում էր մեծն Սոսը՝ եթե մասնավորի խանութն ավելի շքեղ է, քան՝ թատրոնի շենքը, մշակույթը մեռնում է»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ ասաց թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը։
Նա ասաց, որ շատ կարևոր է, որ հատկացումներ անեն, թատրոնների շենքերը դարձնեն այնպիսին, ինչպիսին արվեստի տաճարներն են։ «Օպտիմալացումը մեր թատրոնների հերն անիծում է։ Ես ինքս Գյումրիի թատրոնի գեղարվեստական խորհրդականն եմ, ու շատ մարդիկ նորից Գյումրիից գնում են Երևան, հետո՝ Եվրոպա, Ամերիկա։ Դերասանն ավարտեց, տեղ չկա, թողնում-հեռանում են։ Թիֆլիսում կառուցում են հայկական նոր թատրոնի շենք։
Մեր հարևան վրացիները սովորություն ունեն նույնիսկ հայկական եկեղեցին դարձնել իրենցը, ու մեծ վտանգ կա այդ առումով։ Թիֆլիսում շատ քիչ հայ կա, ու առաջին մի երկու ամիսը դահլիճները կլցվեն, հետո դատարկություն կլինի, ու այդ հայկականը կվերանա ու իրենցը կդառնա։ Առաջարկում եմ՝ շաբաթ-կիրակի օրերին ավտոբուսներով մարդկանց տանենք, թող նայեն այդ ներկայացումները, որ այդ վտանգը չլինի»,- նշեց Ն․ Ծատուրյանը։
Ի պատասխան՝ Ն․ Փաշինյանն ասաց, որ ինքը մայիսի 30-31-ին պաշտոնական այցով Վրաստանում է լինելու, ու հայ-վրացական հարաբերությունների շատ մեծ օրակարգ են քննարկելու, այդ թվում՝ մշակութային հարցեր․ «Ես ձեր ասածի մեջ այն խնդիրը տեսա, որը կա գյումրեցու, երևանցու, կա նաև թիֆլիսահայի համար։ Դուք ասում եք՝ Գյումրիից, Երևանից, Վանաձորից մարդկանց տանենք Թիֆլիս՝ թատրոն նայելու․ բա Երևանում ո՞վ թատրոն նայի։ Ավելի լավ չէ՞ թիֆլիսահայերի համար կազմակերպենք, որ թատրոն գնան։ Մենք անընդհատ ուզում ենք հատուկ օպերացիաներ իրականացնել թատրոնի դահլիճ լցնելու համար, մինչդեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա դառնա խիստ սովորական»։
«Պարոն վարչապետ, ես մի հարց ունեմ՝ սա երա՞զ է, թե՞ իրականություն»,- հարցրեց Ն․ Փաշինյանին դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը։ Նա ասաց, որ այդ հարցն ինքն իր երևակայական նախագահին է տվել «Իմ Երևան ջան» ֆիլմում 2002 թվականին․ «Եվ նա պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք։ Հետո շուռ եկավ ու տեսավ, որ ժողովուրդը բոբիկ է։ Նա հետ ֆռաց, սկսեց իր կոշիկները հանել։ Ես համոզված եմ, որ բոլորին կոշիկ եք հագցնելու»։