«Քաղհասարակությունը չի կարող ներկայացուցիչ ունենալ իշխանության մեջ»․ Արթուր Սաքունց
«Այն, ինչ կատարվեց, քաղհասարակության ակնկալիքներին լիովին համահունչ էր»,- այսօր «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ իրենք ժամանակին իրենց գնահատականը տվել են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով երկիրը ղեկավարելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում պետք է խոսել քաղաքացիական հասարակության ինստիտուտների նոր դերի մասին։ Նա հիշեցրեց, որ նախկինում իրենք առաջարկություններ էին ներկայացնում իշխանություններին, բայց, նրա խոսքով, դրանք բովանդակային իմաստով ընթացք չէին ստանում․
«Մենք, իհարկե, գտնում ենք, որ կան հնարավորություններ մասնակցային մեխանիզմներն ավելի արդյունավետ գործի գցելու համար, ու տարիներով հավաքված մեր առաջարկությունների փաթեթը, որը ժամանակին չէր ընդունվում, հիմա նորից ներկայացնում ենք։ Առաջիկա 20 օրվա ընթացքում կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկություններ կներկայացնենք»։
Ա․ Սաքունցը նշեց, որ այնպես չէ, որ իրենք նախկինում իշխանությունների հետ համագործակցելու ցանկություն չեն ունեցել․«Բայց երբ կային քաղաքական հետապնդումներ, երբ կար անպատժելի համակարգ, տվյալ պայմաններում համագործակցության մասին խոսք գնալ չէր կարող ։ Համագործակցում էին դատարանում կամ միջազգային ատյաններում։ Համագործակցությունները եղել են ամենացածր, եթե ոչ՝ զրոյական մակարդակի։
Երբ խոսք է գնում քաղհասարակության ներկայացուցիչների՝ իշխանությունում գտնվելու մասին, իմ կարծիքով՝ դա ճիշտ չէ, որովհետև երբ անձն անցնում է աշխատանքի իշխանության մեջ, նա դադարում է քաղհասարակության ներկայացուցիչ լինել։ Քաղհասարակությունը չի կարող ներկայացուցիչ ունենալ իշխանության մեջ։ Մարդը, որն ընտրում է՝ գնա-այդ պատասխանատվությունը վերցնի, նա դառնում է քաղաքացիական հասարակության կողմից վերահսկվող պետական սուբյեկտ»։