«Մենք երբևէ մեկ անգամ չենք փոշմանել և ճիշտ ենք արել». Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թ. ընտրություներին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Անկեղծ ասած, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Մենք պարզ հայտարարել ենք և հավատարիմ ենք որդեգրած քաղաքականությանը՝ որևէ խոչընդոտ չենք հանդիսանալու ներկայիս կառավարությանը, պետք է աջակցենք, օժանդակենք այն ծրագրերին, որ միտված են մեր երկրի զարգացմանը, անվտանգության բարձրացմանը: Այս պայմաններում ես չգիտեմ ինչն է դրդապատճառը, որ պետք է գնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ներկայիս քաղաքական իրողություններում՝ ադյոք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա՞:
Լրագրողի դիտարկմանը, որ կազուսային իրավիճակ է, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի ձեռքում են, Վ.Բաղդասարյանը հարցադրում արեց՝ իսկ ապրիլին չէի՞ք մտածում այդ մասին, որ կարող են նման խնդիրներ առաջանալ.
«Դրա համար պետք էր համբերել մինչև 2022 թ. և սահմանադրական ճանապարհով ընտրությունների գնալ: Հիմա ի՞նչ պետք է անենք, ասենք ԱԺ-ն ի վիճակի չէ աշխատել և պետք է գնանք ընտրությունների՞: ԱԺ-ն ի վիճակի է: Նիկոլ Փաշինյանի ելույթը ծրագրային ելույթ էր և որևէ շեղում չկա մեր ելույթներից: Եթե ցանկանայինք խոչընդոտել, կխոչընդոտեինք այդ ժամանակ: Մենք ԱԺ-ում ընդդիմություն ենք իշխանությանը, բայց կառուցողական ընդդիմություն»:
Թե ինչո՞ւ կողմ քվեարկեցին Փաշինյանի թեկնածությանը՝ հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ավելի բարձր գնահատեցին երկրի անվտանագությունը, որովհետև իրավիճակը հղի էր վտանգներով.
«Մենք իրավիճակային լուծում ենք տվել, որ կարողանանք փողոցը հանդարտեցնել: Մենք երբևէ մեկ անգամ չենք փոշմանել և ճիշտ ենք արել: Այն բոլոր ծրագրերը, նախաձեռնությունները, որոնք միտված են պետության, երկրի զարգացմանը, անվտանգության խնդիրներին, պատրաստ ենք ողջունելու: Մենք չենք ասում, որ կտրականապես մերժում ենք ամեն ինչ, եթե տաք փաստաթուղթ արտահերթ ընտրություների, կխոսենք»:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Վ.Բաղդասարյանը նշեց, որ իրենց բոլոր առաջակությունները կյանքի են կոչել 2017 թ. ընտրություններից առաջ, ԸՕ-ն ընդունվել է կենսենսուսով, որը նաև Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր և տարբեր խողովակներով այդ քննարկումները եղել են:
Ընտություններից հետո, ըստ Վ.Բաղդասարյանի, միջազգային կառույցների գնահատականը եղել է դրական, ՍԴ-ում միայն մեկ դեպք է քննարկվել, և արդյունքները բոլորին բավարարել է: Նա նշեց, որ երբ իրենց առաջարկ կլինի ԸՕ քննարկելու համար, կքննարկեն: