«Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով». ՀՀ ԱԳ նախարար
«Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, և բնական է՝ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակների արտահայտությունը նորից որի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը», – հավելել է նա:
«Ազատության» հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, արտգործնախարարը պատասխանեց. «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։
Նա նշեց, որ կարևորագույն խնդիր է բանակցությունների դինամիկան պահպանելը։
«Ներկայիս կարևորագույն խնդիրը պահպանելն է դինամիկան բանակցությունների, մենք պատրաստ ենք ներգրավվել, շուտով արդեն կլսենք, դուք տեղյակ եք, որ մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ նորից առիթներ են լինելու և այս շաբաթ է եղել, այս շաբաթավերջ կլսեք, մյուս շաբաթվա սկիզբ, մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի արտգործնախարարն է լինելու Հայաստանում և Միացյալ Նահանգներում», – ասաց արտգործնախարարը։
Հարցին, թե հնարավո՞ր է համանախագահներն այցելել տարածաշրջան և հնարավո՞ր է նաև հանդիպում Ադրբեջանի արտգորնախարար Էլմար Մամեդյարովի հետ, արտգործնախարարը պատասխանեց. «Սա հնարավորության հարց չէ, սա բանակցությունների էությունն է»։
Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գրած նամակում պնդել էր, որ առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն։