
Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
«Սիրելի աշակերտներ, գիտեմ, որ Վերջին զանգին շատ եք սպասում: Ցավոք, նախարարի պաշտոնում առաջին վերջին զանգի միջոցառմանը չեմ կարող ներկա գտնվել , որովհետև Փարիզում եմ: Այստեղ տեղի է ունենում Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարների գագաթնաժողովը: Ցանկանում եմ մաղթել, որ լավ օր ունենաք, ուրախ անցկացնեք միջոցառումները թե դպրոցներում, թե դրանցից դուրս: Գիտեմ, որ քաղաքապետարանը միջոցառումներ է կազմակերպում, կարծում եմ ակտիվ կմասնակցեք: Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, ավտոմեքենաները ճիշտ կվարեք, որովհետև պետք չէ այդ գեղեցիկ օրն ինչ-ինչ միջադեպերով մթագնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ առաջիկայում ավելի լուրջ իրադարձություններ են սպասվում, մասնավորապես, ընդունելության քննությունները: Նախարարը նկատեց, որ երկրում տիրող փոփոխությունների համատեքստում երիտասարդները ևս պատասխանատվություն ունեն:
«Ունեք պատասխանատվություն սովորելու, փոխվելու, կրթվելու, որովհետև ապագա պաշտոնյաներն եք, տարբեր մասնագիտություններ կրողներն եք»,-հավելեց նախարարը:
Հայաստանի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին: