ԱՄՆ-ը և Եվրոպան հեռու են իրանական միջուկային գործարքի շուրջ փոխզիջումից. ԳԴՀ-ի ԱԳՆ
ԱՄՆ-ը եւ Եվրոպան դեռեւս հեռու են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ փոխզիջման հասնելուց: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքի Փոմպեոյի հետ մայիսի 23-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:
«Կարծում եմ՝ մենք հեռու ենք փոխզիջման հասնելուց»,- ասել է Մաասը, որը խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը: Նրա խոսքով՝ ինքը իրանական միջուկային համաձայնագրի կապակցությամբ Փոմպեոյին առաջարկել է հանդիպում կազմակերպել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասնակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: Թրամփը խոստացել է ոչ միայն վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ սահմանել նորերը:
Միաժամանակ նա պնդում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ: Մինչդեռ Վաշինգտոնը փաստորեն անիրագործելի պայմաններ է առաջադրել Թեհրանին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: